«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 8-ից սկսվում են բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվն ավելացնել:
Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, եւ այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու օգնականներ` Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները «գործուղվել են» հանձնաժողով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որեւէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի եւ իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։ Ի դեպ, հանդիպումը կայացել է Ալիկ Սերգեյիչի եղբայրներին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում։ «Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»,- երեկ ասաց նա՝ շեշտելով, որ պաշտոնի հավակնություններ չունի։ «Բայց իմ խղճի մտոք․․․ ես տեսնում եմ, որ երկիրը լավ տեղ չի գնում, ու պետք է ինչ-որ ձեւով միջամտել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:
Այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը»։