Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով գլխավոր զեկուցող Անդրեյ Կովաչովը համատեղ հայտարարություն են արել ՝ կապված հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսեւորման կապակցությամբ ՝ չնայած ստեղծված ծանր իրավիճակին: Սա Հայաստանի համար առանցքային պահ է և մենք հուսով ենք, որ ընտրությունների ճշգրիտ արդյունքները երկրի համար նոր դրական էջ կբացեն:
Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունը պետք է վերականգնի միասնությունը և միավորվի ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Համաճարակի պատճառով ճանապարհորդության սահմանափակումների հետևանքով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները, զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինական գործողությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածություն առաջացնելու համար, այլ պետք է լուծվի համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի համաձայն: Մենք ակնկալում ենք համագործակցել նորընտիր Ազգային ժողովի հետ՝ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար` ի շահ մեր քաղաքացիների»։