«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումները շարունակվում են։ Այս պահին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննարկվում է պաշտոնների հարցը, թե ովքեր պետք է գնան խորհրդարան , ովքեր՝ ոչ։
Եվ այժմ քննարկումներ են հատկապես խմբակցության ղեկավարի մասով, քանի որ Լիլիթ Մակունցի ագրեմանը հաստատվել է, եւ նա ամենաուշը հուլիսի սկզբին կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Եվ, ահա այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն Արփի Դավոյանն է, ում թեկնածությունը մի մասի մոտ դժկամությամբ է ընդունվել, քանի որ նա կոնֆլիկտային անձնավորության համարում ունի, իսկ Լիլիթ Մակունցն ամեն հարցում կլորացնում էր սուր ծայրերը:
Կուսակցությունում մի մասն էլ կարծում է, թե խմբակցությունը պետք է տղամարդ ղեկավարի։ Սակայն Դավոյանի թեկնածությունն ամենահավանականն է։ Չի բացառվում՝ մերժվի Դավոյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում տեղեկանում էին պաշտոնական հաղորդագրությունից։
«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական բարեփոխումներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»։:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ են ընթանում, թե ով որ պաշտոնը պետք է զբաղեցնի:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պետք է նախապատրաստել Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ նրա տեղում նշանակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին:
Վերջինս ամեն գնով փորձում է Ավինյանի տեղում հայտնվել ու դրա համար ամեն քայլ անում է Նիկոլ Փաշինյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար: ՀՀ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար հնարավոր է նշանակվի ՀՀ կրթություն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Ի դեպ, ըստ իշխանության ներսում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի սրտով քաղաքապետի թեկնածուն Խաչատուր Սուքիասյանն է, որը եւս մեծ ցանկություն ունի այդ պաշտոնը իրենով անել: Այս հարցերը թեժ քննարկվում են իշխանության ներկայացուցիչների շրջանում, բայց, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուռ է, որեւէ մեկին դեռեւս որեւէ պաշտոն չի խոստացել, որեւէ մեկին հստակ բան չի ասել: Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անում ու թիմի հետ դեռեւս հանդիպում չի ունեցել»: