Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում է աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», – ասել է Կարապետյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրություններին «ակներև չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» և այս պարագայում անհրաժեշտ է լուծում, որից «քաղաքը չի տուժի»»։
Հարությունյանը «Ազատության» եթերում նաև ասել է, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. «Էս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:
2018-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը նախքան ընտրությունները հայտարարել էր. «Ընտրություններն ինձ չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված` գլուխս կախ»:
Հունիսի 22-ի ավագանու նիստի ընթացքում Մարությանը շնորհավորեց քաղաքացիներին «ազատ, թափանցիկ և անցնցում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»։
Նրա և իշխող թիմի լարված հարաբերությունների մասին մամուլը գրում է ամիսներ շարունակ։ Սակայն ինքը՝ քաղաքապետը երբեք անձամբ չի մեկնաբանել այդ լուրերը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: