Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:
«Կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են»,- ասել է Փաշինյանը։
«Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է:
Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով»,- ասել է Հարությունյանը: