«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձեւավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով եւ սոցիալական հարցերով զբաղվող։ Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում եւ կքննարկվի առաջիկա օրերին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Սակայն, դրան զուգահեռ, իրականացնում են հակառակ գործողություններ, մասնավորաբար կապված «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի հետ: Եվ ոչ միայն: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ընթացքում նոր «ծրագիր» է մշակվում ընդդիմադիր գործիչների դեմ: Ըստ այդմ, իշխանության վերին էշելոններից հրահանգ է իջեցվել ակտիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև բանակի որոշ բարձրաստիճան սպաների նկատմամբ վարկաբեկման գործընթաց սկսել։ Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական նկատառումներով հարձակումների համար գերազանցապես որպես գործիքակազմ կկիրառվեն իրավական միջոցները, ինչպես եղել է անցած երեք տարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաեւ այլ քաղաքական ուժի օգտին: Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին: Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր ունեցած տեղեկություններով, բացի իրավապահ և անվտանգային ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներից, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակվել, եղել են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին դեսպանը մասնավորաբար հանդիպումներ է ունեցել ՀԿ սեկտորի պրոռուսական որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով մի քանի ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկումների հիմնական թեման, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՌԴ կողմից նոր նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր, երիտասարդության շրջանում ներգրավվածություն ապահովելուն ուղղված քայլեր իրականացնելու հարցն է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մշակվելու են նոր նախագծեր, որոնք նպաստելու են հանրության շրջանում որոշ ուժերի կողմից ընդգծված հակառուսականության քարոզչությունը մեղմելուն և պրոռուսական տրամադրություններն առավել արմատավորելուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարներում։