Երեկ երեկոյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթանում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Քաղաքապետը տեղում զրուցեց շինաշխատողների հետ՝ տեղեկանալով կատարվող աշխատանքի ընթացքի մասին։
Նրան մոտեցան մի քանի քաղաքացիներ և բարձրացրեցին իրենց հուզող հարցերը։ Հայկ Մարությանը լսեց Երևանի բնակիչների հարցերը։
Armenia Today-ի թղթակիցը փորձեց մի քանի հարց ուղղել Հայկ Մարությանին՝ կապված նրա և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների՝ նրա հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ, ըստ որի՝ քաղաքապետը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ չի աջակցել ՔՊ-ին։
Մեր հարցերը, սակայն, անպատասխան մնացին։
«Աշխատանքային պրոցեսի մեջ եմ, հարցերի չեմ կարող պատասխնել։ Ասում եմ՝ ես հիմա «ինտերվյու» չեմ տալիս»,- ասաց նա և պնդեց, որ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել։
Հիշեցնենք, որ մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ Հայկ Մարությանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ասել էր՝ ցավում է Հայկ Մարությանի կեցվածքի համար, որ նա քարոզարշավի ընթացքում չի աջակցել ՔՊ-ին։
Հիշեցնենք նաև, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան, թե Նիկոլ Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Հայկ Մարությանի դեմ արշավները։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել: Իշխանությունը տևական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձևեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն, ապարդյուն, որևէ ձևով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս, այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: