Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքով ընտրված երկու պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ դիմումը պատրաստ է։
«Եթե ոչ այսօր, ապա վաղը Սահմանադրական դատարան դիմում կներկայացվի այդ հարցով։ Որոշակի գործընթացներ կընթանան՝ դրանից բխող զարգացումներով: Այն, որ այդ կալանավորումները վերանալու են և մեր գործընկերները լինելու են ազատության մեջ, որևէ վայրկյան չկասկածեք: Աբսուրդ է, ապօրինություն է իրավական ամենաթողության դրսևորում է, բայց դա էլ է ունենալու իր ավարտը»,- ասաց Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը այժմ ձերբակալված են և չեն մասնակցում խորհրդարանի նիստերին:
Վարդևանյանը մեկնաբանեց նաև խորհրդարանական ընդդիմության` Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումը: Նա ընդգծեց, որ իշխող խմբակցությունն իր քվեարկությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը Ղարաբաղի նկատմամբ:
Պատգամավորը հիշեց, որ Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի այցելել անցած տարվա հոկտեմբերից: Մինչդեռ փոփոխված իրավիճակը պահանջում է նոր լուծումներ, այդ թվում՝ Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի բազմաթիվ խնդիրներով՝ փախստականներով, սոցիալ-տնտեսական հարցերով, անվտանգության խնդիրներով: