«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին թվում է՝ ինքը ոչ թե խորհրդարանում է, այլ բանակում կամ դատարանում։
«Այնպիսի տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ, այնինչ ես արդեն 5-րդ տարին է՝ բանակում չեմ, իսկ իրենք՝ քաղաքական մեծամասնությունը, ՔՊ խմբակցությունը, կարծես, ընդդիմություն են»,- այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Սեյրան Օհանյանի դիտարկակմամբ՝ իշխանության ներկայացուցիչները պարզապես թիրախավորել են բանակը, բայց ՀՀ ԶՈՒ-ն հպարտության արժանի ճանապարհ է անցել։
«Յուրաքանչյուր պաշտպանության նախարարի ժամանակ ԶՈԻ զարգացումն ապահովվել է։ Եվ իհարկե, գործունեության ժամանակ եղել են նաև թերացումներ։ Կենցաղային թերություններն ավելի նկատելի են, քան մարտական թերությունները»,- փաստեց նա։
Պաշտպանության նախկին նախարարի պնդմամբ՝ անհամեմատելի են բանակում այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը։
«Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Ռուսաստանից զինամթերքի ներկրման պայմանագիրը, կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և այդ ընթացքում էլ առաջին C-300 համակարգները բերել ենք այստեղ, երկու «Իլ– 76» ինքնաթիռ իրենք են նվիրել մեզ։ Մեկն էլ գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, և այդ բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան տարբեր պատգամավորների կողմից նշված թվերի համեմատությունները։ Իմ ղեկավարության ժամանակ 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում՝ C-300-ի ևս երեք համակարգ, «Տոչկա-Ու», «Իսկանդեր» համակարգ։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ սպառազինության մատակարարման գործընթացն անընդհատ է եղել Հայաստանի Զինված ուժերում»,– ներկայացրեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ համեմատություններ անցկացրին իրենց և նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունների ծավալի և որակի միջև։