«Իմ նախորդ ելույթից հետո ԱԺ նիստը վարողները հասկացան, որ պատգամավորին նկատողություն անելու ինստիտուտ գոյություն չունի»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքները չեն սահմանում, որ նիստը վարող անձինք պետք է պատգամավորների բովանդակային ելույթները մեկնաբանեն, այսինքն՝ «մեկնիչ» աշխատեն։
Մկրտչյանը նշեց նաև, որ այդպիսի վարքագիծն ինքնիրավչություն է։ Խոսելով օրակարգային թեմայից՝ Մկրտչյանը շեշտեց, որ հանձնաժողովի նախագահներ ոչ թե ընտրվում են, այլ նշանակվում, ինստիտուտն էլ աղավաղված է, քանի որ ոլորտային քննարկում չի կարող լինել, որոշումներն ուղիղ հրահանգով են իջեցվում։ Ստեղծված ամենաթողության մեջ նա մեղադրեց վարչապետին՝ անվանելով նրան «Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլ», ինչի հետևանքով դուրս հրավիրվեց ԱԺ նիստերի դահլիճից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը։