Թալիբների շարժման արագ հարձակումը, նրանց վերահսկողության տակ Աֆղանստանի տարածքի հիմնական մասի ներառումը, ինչպես նաև երկրում իշխանափոխությունը էապես ազդում են իրավիճակի վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին իրավիճակի զարգացմանը: Կազմակերպության հիմնական նպատակը մնում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովումը: Միևնույն ժամանակ, Կազմակերպության գործունեության գերակայությունը դեռևս տրվում է քաղաքական և դիվանագիտական միջոցներին: Իրավիճակի սրման և Տաջիկստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի դեպքում դաշնակցին օգնություն ցուցաբերելու համար ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ հավաքական միջոցները, որոնք նախատեսված են կանոնադրական փաստաթղթերով:
Արդեն իսկ սկսվել են ՀԱՊԿ հավաքական ուժերի վարժանքների անմիջական նախապատրաստական աշխատանքները, որոնք մոտակա ամիսներին կանցկացվեն տաջիկ-աֆղանական սահմանի մոտ:
Կասկած չկա, որ Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի քննարկման հիմնական հարցերից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի կեսերին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբե քաղաքում: