Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ԱԺ-ի պաշտոնական էջը։
Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: «Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն. «Մեր երկրների միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխաջակցության վրա»:
Ալեն Սիմոնյանը գոհունակություն հայտնեց 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարևոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաև ողջունեց առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստեց. «Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»: Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրեց, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս: «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,-հավելեց հյուրը:
Կողմերը խոսեցին նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: