«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը օգոստոսի 20-ին ազատման դիմում է գրել, Մարությանն էլ որոշել է, որ սեպտեմբերի 1-ից այլեւս չի աշխատելու, բայց օրեր անց նրանք հաշտվել են, եւ որոշումը չեղարկվել է։ Ո՞րն է վեճի թեման։ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր էջում տեղադրել էր փողոցներում տեղադրված՝ ծխախոտի համար նախատեսված մոխրամանների նկարներ՝ փնթի, այլ աղբով լեցուն, եւ գրել էր․ «Կներեք, էս ի՞նչ ա կամ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ սխալն ա»։ Մարդիկ տարածել էին ու քննադատել, որ նման աղբամանները տեղադրվում են, ասենք, մուտքերի մոտ, ոչ թե փողոցներում, որ մարդիկ աղբ նետեն մեջը։ Իսկ սրանք ծխախոտի համար նախատեսված փոքր անցքեր ունեն միայն։ Պարզվում է, որ Մնացականյանի գրառումից մի քանի օր առաջ Դավթաշենի թաղապետը քաղաքապետարանի չաթում եւս բարձրաձայնել է այս խնդիրը եւ նկատել, թե այդ աղբամանները չի կարելի ամեն պատահած տեղ դնել։ Եվ քաղաքապետը կասկածել է, թե թաղապետն ու Մնացականյանը պասերով աշխատում են իրար հետ, իսկ նա աչքով աչք չունի Մնացականյանի հետ եւ ժամանակին նրան ոչ միայն ազատել է Կենտրոնի թաղապետի պաշտոնից, այլեւ քաղշինկոմիտեի նախագահ դառնալն է տապալել։ Տհաճ զրույցն էլ դարձել է կոնֆլիկտի պատճառ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ: Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ: Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է Զու գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն: Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն օրերս նախարարությունում դրես-կոդ է մտցրել, որից երեւում է նրա ճաշակը․ «Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով եւ փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով»: Կանայք՝ «Դասական ոճի, մեղմ երանգի հագուստով: Չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով»: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այցելուները նույնպես պետք է ենթարկվեն այս կանոններին»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման: Խոսքը Հրազդան գետի վրա գտնվող կամրջի մասին է, որը խնդիր է եղել բոլոր ժամանակներում: Պետք է նշել, որ այդ կամուրջն իսկապես չափազանց կարևոր նշանակություն ունի: Սակայն, եթե Թբիլիսյան խճուղուց մինչև նշյալ կամուրջն ընկած ճանապարհահատվածը վերջին շրջանում շատ մասնակի վերանորոգման է ենթարկվել (թեպետ շատ հեռու է բավարար լինելուց), ապա կամրջից մինչև Քանաքեռավան-Զովունի բաժանարար խաչմերուկ ճանապարհը շատ վատ, անմխիթար վիճակում է և հազիվ թե նպաստի այստեղով նորմալ հոսքին ու մայրաքաղաքում, հատկապես Կոմիտասի պողոտայում երթևեկության թեթևացմանը որպես այլընտրանքային ճանապարհ Դավիթաշենի կամրջին:Դրան զուգահեռ, երթևեկության համար չափազանց վտանգավոր է բուն «Կորեայի ձորի» կամուրջը (կանալի վրայի), քանի որ չափազանց նեղ է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել:
Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, սակայն անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ընդհարվել եւ ստիպված է եղել գործուղվել ՀՀ օրենսդիր մարմին:
Այստեղ էլ մեծ ախորժակ ուներ զբաղեցնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն ՔՊ խմբակցությունը ակնհայտ ցույց է տվել, որ ոչ մի դեպքում նախագահ չի ընտրելու Արսեն Թորոսյանին: Նա որոշել է չխայտառակվելու համար չառաջադրվել: Թորոսյանը կարծել է, որ գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կստանձնի, սակայն ոչ միայն պաշտոն չեն տվել, այլեւ նա, լինելով բժիշկ, Առողջապահության հանձնաժողովում անդամ չի դարձել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը ընդգրկվել է իր եզակի ընկերներից Արման Եղոյանի ղեկավարած Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ այս հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել ՔՊ-ական Մերի Գալստյանին: Այսինքն՝ Թորոսյանը շանս չունի անգամ իր հետ որեւէ առնչություն չունեցող այդ հանձնաժողովում շարքային անդամ չլինել»։