Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը և հայտարարել «Թալիբանի» հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին՝ ներգաղթյալների հոսք թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ թուրք առաջնորդի վարչակազմին հղումով:
«Աֆղանստան հումանիտար օգնություն հասցնելու նպատակով նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում՝ հարկ կլինի սպասել միգրացիոն ճնշման ուժեղացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը: Էրդողանը կողմ է արտահայտվել, որ Լիբիայում հայտարարված ընտրություններն անցկացվեն ժամանակին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Գանին հեռացել է երկրից: «Թալիբանը» պատրաստվում է սեպտեմբերի 11-ին ներկայացնել Աֆղանստանի նոր կառավարության կազմը: