Խորհրդարանն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, սակայն, առաջինից երկորորդ ընթերցում օրինագծում մի քանի փոփոխություններ են արվել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր: Հաջորդ փոփոխությամբ՝ Նոր Հաճնի հետ 8 բնակավայր կմիավորվի, կլինեն Նոր Հաճն և Եղվարդ խոշորացված համայնքները։ Օրենքի նախագծով՝ առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ, որի արդյունքում Հայաստանում կունենանք 78 համայնք, դրանցից 71-ը՝ միավորված։
Նշենք, որ հարցի քննարկմանը և քվերակությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմությունը լքել էր նիստերի դահլիճը՝ հարցի քննարկումն ապօրինություն որակելով։
Հավելենք, որ համայնքների խոշորացումը միաձայն չի ընդունվում համայնքների կողմից։ Արդեն իսկ մի շարք համայնքներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ ընդդեմ խոշորացման։
Գեղամասար խոշորացված համայնքը ցանկանում են միավորել Վարդենիսին։