«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են․ սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Վեդիի եւ Արարատի շրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ ստեղծվում է նոր կուսակցություն, որպեսզի դրանով մասնակցեն նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ խոշորացված համայնքում պատրաստվում է առաջադրվել նաեւ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մասնակցելու է «Կայունություն» կուսակցության ցուցակով, որի հիմնադիրներից է: Զաքարյանը հաստատեց, որ նման մտադրություն ունի։ Նա մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից քննադատում էր իր կուսակցությանը` կոչ անելով վերակազմակերպվել, փոխել նախագահին։ 2021թ․ ապրիլի 3-ին (Լեռնիկ Ալեքսանյանի հետ) ստեղծեց այս կուսակցությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ նաեւ այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջեւ կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել»: