Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հանդիպում է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմական համագործակցության տարբեր ուղղությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Հատուկ ընդգծվել է, որ երկու պետությունների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղղությամբ։
Նշվել է, որ Վրաստանում «Eternity-2021» զորավարժությունների անցկացումը պետությունների միջև բարեկամության և անխախտ համագործակցության վառ օրինակ է: Վերջում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության ծրագիր։ Կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը: