ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հարց հնչեցրեց ՀՀ սահմանների ճշգրտման խնդրի հետ կապված՝ նշելով, որ այն այսօր ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային հարցն է։ Նա նկատեց, որ ՀՀ-ն ազդակներ է ուղարկում, թե պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման։
«Որպես սահմանների որոշման հիմք՝ նշում են նախկին խորհրդային սահմանները»,- հիշեցրեց նա։
Ադրբեջանի անկախության մասին Ադրբեջանի սահմանադրական ակտի կետերը մեջբերելով՝ պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանն ինքը չի ճանաչում նախկին խորհրդային սահմանները։ «Այժմ ինձ հետաքրքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցի հետ կապված»-ասաց նա՝ նշելով, որ սահմանները խորհրդային տարբեր տարիներին տարբեր են եղել։
«Եթե Հայաստանի կառավարությունը առաջնորդվում կամ առաջնորդվել է խորհրդային սահմաններով, արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ -ից՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանից, որոնք 1989 թվականի դեկտեմբերի մեկից Հայաստանի մաս են կազմում»,- հետաքրքրվեց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով հարցին, նշեց. «Նման գործընթացներում, թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում՝ իրականացման փուլում, նախևառաջ կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, և որոնց հիման վրա կառուցվել են, կազմվել կամ քարտեզագրվել են քարտեզները, որոնք, իհարկե, իրենց հերթին պետք է հետազոտվեն։ Այդ իմաստով Ձեր հարցի պատասխանը կտամ հետևյալ կերպ. ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի և հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը կդառնա գործընթացներ կազմակերպելու և սկսելու հիմք։ Մաքսիմալ պետք է հետազոտվեն և բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել»,- նշեց փոխվարչապետը։