«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել է թեմատիկ երեք ֆորում անցկացնել։ Մեր տեղեկություններով, առաջին ֆորումը նվիրված է լինելու «Պատերազմի պատճառներին», երկրորդը` «Արտաքին մեկուսացում, աշխարհաքաղաքական նոր միջավայր, մարտահրավերներ, միջազգային կառույցներ», իսկ երրորդը՝ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն, հետպատերազմյան ապաքինում․ սոցիալական, անվտանգային, հոգեբարոյական խնդիրներ» թեմաներին, որոնց հրավիրվելու են տարբեր փորձագետներ: Նախատեսվում է ուղիղ հեռարձակում կազմակերպել քննարկումներից: Իսկ ԱԺ-ում մտադիր են կազմակերպել «Տեղահանվածների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջեւան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։ Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ եւ հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել»։