Շուրջ մեկ տարի է անցել ողբերգական պատերազմից և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար՝ անվտանգային միջավայրի գնահատման առումով։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Վերջինիս գնահատմամբ` կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իր հիմնական աշխատանքը պետք է իրականացնի։
«ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի ներքո։ Ձախողել են արտաքին քաղաքականությունը, բանակցային ամբողջ ներուժը չի օգտագործվել։ Այսօրվա ձախողումների շարունակությունը միանշանակ նրանց ոչ գրագետ և ոչ հետևողական աշխատանքի արդյունքն է։ Իշխանությունների մոտ լավ ստացվում է Եռաբլուրում թատերական ներկայացում ձևավորելը, քան ՀՀ սահմաններն ամրապնդելը»,- նշեց նա։
Խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն:
«Հայաստանում պետք է լինի իշխանությունը, որը կարող է ազատ բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 30 տարիների ընթացքում ենք ձեռք բերել, որը կազմակերպչական ունակությունների արդյունքում արագ կարող է երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից և ձևավորել անվտանգության համակարգ»,- ասաց Սեյրան Օհանյանը և շեշտեց, որ բանակը, իր կազմակերպչական սկզբունքներից ելնելով, առաջինը պետք է կազմակերպված ձևով այս իրավիճակից դուրս գա և ապահովի իր զարգացումը:
Օհանյանի դիտարկմամբ` իշխանություններն ինքնակամ հրաժարական չեն տա:
«Չեմ կարծում, թե այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան: Բայց եթե հրաժարական տան, ապա համապատասխան թիմ գոյություն ունի, որը կարող է լիարժեք և՛ միջազգային, և ՛ ազգային երաշխիքների ուղղությամբ արագ աշխատանք տանել»,- ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական, ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Անդրադառնալով հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց, թե պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, չի կարծում, թե հիմա պատերազմ կլինի։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ իշխանությունների հեռացման համար բոլոր մեթոդներն օգտագործվելու են։
«Մենք տեսնում ենք, թե իշխանությունն ինչպես է սարսափում նույնիսկ փոքր բողոքից։ Օգտագործվելու են բոլոր օրինական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը տեղ հասցնելու ու հանրության մոտ առավել շատ վստահություն ու իշխանափոխության պահանջ առաջադրելու ուղղությամբ»,- եզրափակեց նա։