Այսօր հանդիպում եմ ունենալու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ` քննարկելու Ադրբեջանում ռազմագերիների և պահվող անձանց վերաբերվող խնդիրները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք տեղեկություններ ունենք գերության մեջ գտնվող կոնկրետ մարդկանց մասին: Մասնավորապես, մենք գիտենք մեկ կնոջ մասին, ով այժմ այնտեղ է: Ցավոք, Ադրբեջանը չի հաստատում այս տեղեկությունը»,- ասաց ԱԺ խոսնակը՝ հավելելով, որ Բաքուն շարունակում է հրաժարվել կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ:
Սիմոնյանը հայտնեց, որ վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում նա ռազմագերիների խնդիրը քննարկել է Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նա նշեց, որ հանդիպումների ժամանակ խնդրել է ռուսական կողմին աջակցել Ադրբեջանի ապօրինի ձերբակալած հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին հայրենիք վերադարձնելու գործընթացին:
Սիմոնյանը շեշտեց նաև, որ գերիների հայրենադարձությունը հայկական կողմի առաջնահերթ խնդիրն է, և ինքը հույս ունի, որ շուտով «հայ ռազմագերի» հասկացությունը կմնա անցյալում:
Քաղաքական գործիչը անհամաձայնություն հայտնեց այն գնահատականների հետ, որոնց համաձայն՝ ներկայիս կառավարությունը փորձում է խուսափել պատերազմի արդյունքների համար պատասխանատվությունից: Նա հիշեց, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո երկրի քաղաքական իշխանությունները ստանձնեցին ամբողջական պատասխանատվությունը, նույնիսկ դրա այն մասը, որն արդարացիորեն կարող էր փոխանցվել մյուսներին: