Մինսկում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է «БЕЛТА»-ն։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարները հանդիպում կանցկացնեն նեղ ձևաչափով և ընդլայնված կազմով։ Ակնկալվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական հարցերի և ԱՊՀ-ում փոխգործակցության շուրջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվել են մի քանի փաստաթղթեր։
Դրանք են՝ ԱՊՀ մասնակից պետությունների պատմաբանների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի մասին հիմնադրույթի նախագիծը, կենսաբանական և տոքսինային զենքի արգելման մասին կոնվենցիայի ամրապնդման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Ներկայացվել է նաև ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումների հակազդման խնդիրների հետազոտման բազային կազմակերպության ստեղծման մասին որոշումը, օրակարագում են ԱՊՀ-ում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մեթոդական հանձնարարականները և այլն:
Նիստին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։