«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակվող ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են «աննկատ» ու նվազ հետաքրքրության պայմաններում: Համեմատության կարգով ուշադրություն են գրավում Գյումրին՝ որպես երկրորդ քաղաք, եւ Սյունիքի համայնքները, քանզի այնտեղ խոշոր համայնքների ղեկավարների դեմ հարուցված են քրեական գործեր, մի մասն էլ ազատազրկված են: Օրինակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը որը նաեւ համայնքի ղեկավարի թեկնածու է, գտնվում է անազատության մեջ, եւ, Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կարողանա վերընտրվել, դա դեռ չի նշանակում, որ կհայտնվի ազատության մեջ ու կկարողանա ղեկավարել համայնքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի եւ բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երեւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարեւանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երեւանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով: Նրանք կարծում են, որ արտագաղթի հետեւանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլեւս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա: Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու եւ ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, եւ պարզվի, որ Արցախում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ Օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչեւ 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու»։