Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժեց զինված խումբ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ։ Իրագործվեց աննախադեպ ոճրագործություն․ ահաբեկչությանը զոհ դարձավ 8 պետական գործիչ՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, մեկ անդամ էլ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: