Ազգային ժողովի նիստում քննարկվեց «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը:
Աբրահամյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան։
«Պահանջում ենք կառավարությունից զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:
Առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական-ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը: Արագացնել անվտանգության համակարգի վերափոխումների և արդիականացման գործընթացը՝ այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում։
Հայկ Կոնջորյանի դիտարկմամբ՝ հայտարարության մեջ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, որոնք չեն կարող տեղ գտնել նման տեքստի մեջ։ Ուստի, խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը։