Ես պաշտոնյա եմ և իրավունք չունեմ որևիցե հայտարարություն անել, որը կարող է իր մեջ մեղադրանք պարունակել և կարող է հետագայում ազդել կատարվածի բացահայտման վրա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Նրա խոսքով՝ հիմնական դերակատարները գտնվում են բանտում, սակայն խնդիր կա պատվիրատուներին բացահայտելու։
«Այն, ինչ տեղի ունեցավ, կոտրեց մեր պետության ողնաշարը։ Դրա հետևանքները մենք մինչև օրս քաղում ենք»,- ասաց Սիմոնյանը։ Նա ընդգծեց, որ ոճրագործությունը պետք է բացահայտվի և այն թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ին, մինչ օրս պտտվում է։
Նա նշեց նաև, որ անձնական համոզմունք ունի պատվիրատուների հարցում, բացի այդ, նրա խոսքով,հանրությունն էլ հիանալի գիտի, թե ովքեր են ոճրագործության հեղինակները։
Հիշեցնենք, որ ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժեց զինված խումբ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ։
Իրագործվեց աննախադեպ ոճրագործություն․ ահաբեկչությանը զոհ դարձավ 8 պետական գործիչ՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, մեկ անդամ էլ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: