Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Այս մասին այսօր տեղի ուենցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Աշխատանքային խումբը ստեղծվել է հունվարի 11-ին կայացած մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով, հիշեցնեմ, որ արդեն ութ նիստ է կայացել։ Այս ձևաչափով գործունեությունը բոլոր կողմերը բարձր են գնահատում»,- հայտարարել Է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը ճիշտ է համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: