Մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստանի և Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ, և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար: Այս մասին Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնարար Վահե Գևորգյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչպիսին են արդյունքները։
«Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ ՄՄԽ համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ձևաչափով առանձին հանդիպումն էր, որին հետևեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ՝ այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ և, կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- նշեց փոխնախարարը։
Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ նա նշեց որ հիմա տարածաշրջանային ուժեղ խաղաղացողներ են ի հայտ գալիս։
«Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, և նշված ձևաչափը դրանցից մեկն է։ Մեր խնդիրն է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի նկատմամբ»,- նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ առաջնայինը մեր ազգային պետական շահերն են։
«Ամենակարևոր ընդհանրական մոտեցումը, որը կարող ենք արձանագրել, հետևյալն է․ տարածաշրջանային համագործակցային բոլոր կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմիններին, ձևաչափերին։ Մեզ համար առաջնայինը, իհարկե, այն է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում այդ խնդիրները դիտարկվում են և որևէ որոշման մասին դեռ վաղ է խոսել։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի և նրանց հարևանների՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծման գաղափարին։