Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Ռուսաստանի հետ որակապես նոր հարաբերություններ տեսնելու ցանկության մասին։
«Ապագայում ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլորովին այլ հարաբերություններ։ Բայց դրա համար առաջին հերթին մենք Հայաստանում պետք է փոխենք վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ։ Սա նշանակում է կառուցել մի փոքրիկ խելացի պետություն, որն ունի շատ մեծ և ուժեղ բարեկամ՝ Ռուսաստանը, և դառնալ Ռուսաստանի Դաշնության իսկապես փոքր, բայց ամուր բարեկամ»,- ասել է Սարգսյանը «Ռոսիա-24» ալիքով Կիրիլ Վիշինսկու «1/6» հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ ինքը կցանկանար լինել «ուժեղ երկրի նախագահ, որն ունի հսկայական, մեծ, վաղեմի, պատմական ընկեր, ում հետ կարող ես գնալ դեպի ապագա», և դրա համար կան բոլոր հնարավորությունները։
«Եթե հայերը կարողանան նոր տեխնոլոգիաներ բերել ամբողջ աշխարհից, մենք կարող ենք շատ հանգիստ զբաղվել այդ նոր տեխնոլոգիաներով Ռուսաստանի Դաշնության հետ միասին»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանում մեծ թվով հայ գիտնականներ ու գործարարներ են ապրում։ «Ամենուր հայերը լավ են ապրում, ես հպարտ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը բացարձակ մեծամասնությամբ Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ են։ Սա շատ կարևոր է»,- ասել է Սարգսյանը։
Հարցին, թե ինչ է տալիս Հայաստանի բնակիչներին Ռուսաստանի հետ գործընկերությունը, նախագահը պատասխանել է. «Նախ, շատ բարդ հարց է, և եթե այդ գործընկերությունը չլիներ, Հայաստան կլինե՞ր, թե՞ ոչ։ Երկրորդ, այս հարաբերություններն այնքան խորն են, որ անիմաստ է նույնիսկ քննարկել… Լա՛վ, վերջին պատերազմը, ի՞նչ կլիներ մեր ապագան, պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը։ Ե՞րբ կավարտվեր պատերազմը և որտե՞ղ կավարտվեր»,- ասել է Սարգսյանը։
Նախագահը նաև մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Նրա խոսքով՝ երկրում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «փողոցում» լարվածությունը թուլացել է և տեղափոխվել օրենսդիր մարմնին։
2020 թվականի նոյեմբերի 9-ից Հայաստանում տեղի էին ունենում փողոցային բողոքի ցույցեր՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որը Հայաստանի ընդդիմությունը համարում է կապիտուլյացիա։
«Իսկապես, հրադադարի սկսվելուց և պատերազմը դադարեցնելուց հետո մենք ճգնաժամային ժամանակաշրջան ունեցանք։ Այժմ սկսվել են ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր են դարձել»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նա նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի՝ վարչապետին ու իր կուսակցությանը բացատրել է, որ նորմալ, կայուն, ժողովրդավարական երկրում, որին ձգտում է Հայաստանը, նման իրավիճակները լուծվում են ընտրությունների միջոցով։
Սարգսյանն ընդգծել է, որ իր առաջարկն ավելի բարդ էր, քանի որ համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է փոխել անհավասարակշիռ սահմանադրությունը, որում վերահսկողության կամ զսպման բավարար լծակներ չկան։ Մինչդեռ, նախագահի խոսքով, առաջարկը մասամբ ընդունվել է, ընտրություններ են եղել։
«Վարչապետի հետ երկար զրույց ունեցանք։ Ընտրությունները կայացան, և վստահաբար կարող եմ ասել, որ փողոցում լարվածությունը թուլացել է։ Այսինքն՝ այդ լարվածությունը տեղափոխվել է խորհրդարան»,- ասել է ՀՀ նախագահը։