Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Այս մասին տեղեկանում ենք «Առուշ Առուշանյան» դաշինքի Facebook-յան էջից։
Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է նաև Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Նշենք, որ ըստ Առուշանյանի պաշտպանների` մեղադրանքի հիմքում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։
Հիշեցնենք նաև, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրավել են Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։