Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային քննարկում Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունն է հայտնել խնդրի՝ մասնավորապես ադրբեջանական մաքսային վերահսկողության ներքո մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի, Գորիս-Կապան ավտոճանապարհով քաղաքացիների երթևեկության հարցերի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, իսկ իշխանական պատգամավորները հրատապ քննարկմանը ներկա չեն եղել։
Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսակետերի մոտ ՀՀ քաղաքացիները հնարավոր է վճարեն, որպեսզի կարողանան անցնել, Թագուհի Թովմասյանը հարց բարձրացրեց, թե պետք է պարզաբանեն՝ ինչ արտարժույթով ու որքան պետք է գանձումներ արվեն, ինչքան է մաքսատուրքը։
«Գուցե պարզաբանե՞ն, որ ՀՀ քաղաքացիները հասկանան, թե ինչքան են վճարելու իրենց տարածքով անցնելու համար»,- ասաց պատգամավորը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ գաղտնի պայմանավորվածություն է եղել Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումից հետո Գորիս-Կապան ճանապարհն ամբողջովին հանձնել Ադրբեջանին.
«ԱԽ քարտուղարը, որ ավելի շուտ կարող է հավակնել Ադրբեջանի ԱԽ քարտուղար աշխատելուն, ասում է՝ սիրելի՛ քաղաքացիներ, կարող եք գնալ այդ ճանապարհով, բայց պետք է գումար վճարեք, սա ցինիզմի գագաթնակետն է»,- ասաց նա և մտահոգություն հայտնեց, որ Շուռնուխում, Բարձրավանում և Որոտանում անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվելու, որն էլ անհնար է դարձնելու գյուղերի բնակիչների տեղաշարժը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր Կառավարության շենքի դիմաց Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման դեմ բողոքի ակցիա են անցկացրել։
Ընդդիմադիր պատգամավորները հրատապ աշխատանքային նիստին հրավիրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուտաընկերության եթերում հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում կտեղակայվեն մաքսակետեր։ Նա նաև հայտնել էր, որ Հայաստանը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
Հավելենք, որ Գորիս-Կապան այլընտրանքային՝ Կապան-Աղվանի ճանապարհն արդեն պատրաստ է շահագործման։