Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս մասին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Նրա խոսքով՝ դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև տարածաշրջանի մյուս երկրները։ «Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր դեր է խաղում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ընդհանրապես ԱՊՀ տարածքում»,- ասել է Ասադովը՝ հավելելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս սահմանի հնարավորինս արագ սահմանագծման և սահմանազատման օգտին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: