Հայաստանն առայժմ պաշտոնական հարցում չի ուղարկել Ռուսաստանին՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է TACC-ը, որի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացրել է երկկողմ խորհրդակցությունների մասին։
Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական խողովակներով՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրման հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, գերեվարվել է 12 զինծառայող։