Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Իրավիճակը հանդարտվել է 18։30-ին՝ ռուսական կողմի ջանքերով։