Հայաստանը երկրորդ անգամ գրավոր չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համապատասխան ուղղություններով օգնության տրամադրման համար 2021-ի մայիսի 14-ին գրավոր դիմում ներկայացվել է թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ Ռուսաստանին, բայց դրան հետևած գործողությունները չեն համապատասխանել այն ակնկալիքներին, որոնք եղել են։
«Ցավոք, չենք ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կուզեինք։ Հարկ եղած դեպքում ես կարծում եմ, որ կառավարությունը ևս մեկ դիմում կամ մեկական դիմում պետք է ուղարկի համապատասխան կողմերին։ Հայաստանի կառավարության դիրքորոշումը միանշանակ է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանի այն առաքելությանը, որի համար Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ կառույցին, իսկ այդ կառույցը, ըստ էության, ՀՀ-ի սուվերենության երաշխավորներից մեկն է, և մենք այս մասին պետք է շատ ուղիղ խոսենք մեր գործընկերների հետ։ Այս մասին մենք նաև պետք է ուղիղ խոսենք մեր ռուս գործընկերների հետ»,- նշել է Աղաջանյանը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։