«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոչ միայն խանութները, այլեւ սպառողները շունչները պահած սպասում են «Սեւ ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 26-ին: Նշենք, որ «Սեւ ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սեւ ուրբաթ» տոնելը Հայաստանում եւս նորաձեւ է դարձել, սակայն հայաստանյան «Սեւ ուրբաթը» խիստ տարբերվում է ամերիկյանից: Օրինակ՝ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը: Բայց Փաշինյանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց, որպես կանոն, մասնակցում են ԵԱՏՄ պետությունների նախագահները: Նա ԵԱՏՄ տարածքում միակ ղեկավարն է, որ մասնակցում է ե՛ւ նախագահների, ե՛ւ վարչապետների նիստերին: Այստեղ էլ, փաստորեն, մերն ուրիշ է. Նիկոլ Փաշինյանը մի քանի ֆունկցիա է ստանձնել` ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ պետության գլուխը նախագահն է, իսկ վարչապետը գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության ղեկավարն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից մեկ տարի անց դեռեւս պաշտոնապես չեն տեղեկացրել, թե հայկական կողմը քանի զոհ, գերի ու անհետ կորած ունի: Եթե գերիների պարագայում թվերի անճշտությունը ինչ-որ առումով հասկանալի է (Ադրբեջանը երբեք էլ հստակ թիվ չի ներկայացրել), ապա զոհվածների ու անհետ կորածների պարագայում որեւէ կերպ ընկալելի չէ՝ ինչու մինչեւ այժմ հստակ թվեր չեն ներկայացվում: Օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկօրյա սադրանքի հետեւանքով Հայաստանը, ցավոք, բացի տարածքային կորուստից, նաեւ մարդկային կորուստներ է ունեցել, բայց երեք օր անց դեռեւս հստակ չէ՝ դիրքապահ տղաներից քանիսն են ռազմագերի, քանիսը՝ զոհված: Եթե ապավինենք պաշտոնական տեղակատվությանը կամ պաշտոնյաների կողմից ներկայացվող թվերին, ապա ոչինչ էլ չենք իմանա, հակառակը՝ ավելի կխճճվենք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու եւ բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից: Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է։ Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը եւ կազմակերվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ պարտոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, եւ ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությանն «առընթեր» կայքերից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան՝ Սեդրակ Օսիպյանը, կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու եւ այլ անձի վաճառելու մեջ։ Տուժողը դիմել է ոստիկանություն, Նուբարաշենի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ռասկուլաչիտ» արված BMW-ն՝ Ռուբինյանց փողոցի ավտոպահեստամասերի խանութի մոտից: Մենք կապվեցինք Օսիպյանի հետ՝ հասկանալու, թե եղբորորդու հետ կապված դեպքից տեղյա՞կ է։ Օսիպյանն ասաց, թե ինքը մամուլից է տեղեկացել դեպքի մասին, եղբորորդու հետ էլ վաղուց շփում չունի»։