Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, և հենց այս կոնտեքստում պետք է քննարկել ՌԴ առաջարկը՝ սկսել սահմանազատման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի՝ այն գործընթացի արդյունքում, որ քննարկում ենք։
Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ն դիմել ՌԴ-ին ռազմական օգնության համար, նա պատասխանեց, որ ՌԴ-ն նույնիսկ ՀՀ-ի չդիմելու պարագայում պետք է օգնության հասներ։
«Գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր։ Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման այն երաշխավորն է, որի համար մենք պետք է մեր ջանքերը մեկտեղենք։ Հետևաբար Ռուսաստանն անելիք ունի և նույնիսկ չդիմելու պարագայում այդ համագործակցությունն անմիջապես պետք է իրականություն դառնար, չնայած տեսնում եք, որ վերջին օրերին շահարկումներ են գնում, թե Ռուսաստանին պահանջներ ենք ներկայացնում։ Պահանջներ չեն, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ժամանակին իրականություն դառնան»,- իր դիտարկումները ներկայացրեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությանը՝ Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ արել է ու անելու է, որ գերիները օր առաջ վերադառնան հայրենիք։
«Բայց, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- նշեց նա և ընդգծեց, որ այդ գործընթացն իրավական պետության տրամաբանությունից է բխում։
Աղաջանյանի պնդմամբ՝ այդ գործընթացը որևէ անձի կամայական ցանկության հարց չէ։
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ժամանակն է, որպեսզի գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն և պարզեն, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել։