ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը՝ կապված Apple ընկերությունից ստացած նամակի հետ։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հայտարարել էր Pegasus ծրագրով գաղտնալսվելու մասին։
Նրա խոսքով՝ եթե պետությունը թույլ չտա մուտք գործել բջջային համակարգ, ծրագիրը չի կարող գործածվել։
«Pegasus-ով գաղտնալսելու գործընթացն ամբողջովին ապօրինի է»,- շեշտել է Վանեցյանը։
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ գաղտնալսումը կարող է Ադրբեջանի կողմից իրականացվել, նա նշել է․
«Այս պահին բացառել կամ հաստատել չենք կարող։ Մեր ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ է այդ նամակից ստացել։ Ես կարծում եմ՝ առհասարակ այս առնչությամբ պետք է աղմուկ բարձրացնենք ու պահանջենք, որ գործը քննվի ու հասկանանք, թե ինչ է իրականաում կատարվում։ Անգամ եթե նրանք չեն կամ եթե անգամ նրանք են (ադրբեջանական կողմը-խմբ․), ապա բավարար է անգամ տեղեկատվությունը, ըստ որի՝ իմ հեռախոսի մեջ ծրագիրը ներդրված է։ Այսինքն՝ եթե այդ տեղեկությունը ստանում է ոչ թե մեր իրավապահ համակարգը, այլ մի մասնավոր ընկերութուն, շատ հնարավոր է՝ գումարի դիմաց այդ տեղեկատվությունը վաճառեն Ադրբեջանին»։
Նա հայտնեց, որ այս առնչությամբ Apple ընկերությունն արդեն հայց է ներկայացրել։
«Կարծում եմ՝ Apple-ը հետևողական կլինի գործը բացահայտել։ Եթե Apple-ը բարձրաձայնում է այն մասին, որ բազմաթիվ բաժանորդներ են գաղտնալսվել, ուրեմն այս չարիքից պաշտպանելու միջոց արդեն գտել է։ Կարծում եմ՝ միջազգային քննություն կլինի, ու մենք կներգրավենք որպես տուժողներ, կստանանք օբյեկտիվ քննություն»,- հավելեց Վանեցյանը։
Հիշեցնենք նաև, որ Apple-ը սկսել է նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին, ինչի մասին հայտնել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը։ Հավելենք, որ տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Pegasus համակարգ է ձեռք բերել: Դա լրտեսող համակարգ է, որը մշակվել է NSO Group իսրայելական ընկերության կողմից: Բացահայտվել է, որ Pegasus-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս: