Վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր առ այն, իբր թե, Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն: Այս մասին Facebook-ի էջում գրել է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։
«Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:
Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:
Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է, և մե՛րն է լինելու, Սյունիքը թշնամուն հող չունի՛ հանձնելու»,- պարզաբանել է համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Սյունիքի մարզի համայնքի ղեկավարների հետ։