Խաղաղության օրակարգ նշանակում է, որ երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն դրան, իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ են։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա նշեց, որ իշխանությունները վաղուց թրքահաճո քաղաքականություն են իրականացնում և փորձում ստեղծել խաղաղության պահանջարկ՝ նոր զոհերի արյան գնով։ «Հայաստան» խմբակցության անդամը նաև ասաց՝ քանի դեռ այս իշխանությունները չեն ընդդիմանում հակառակորդին, Ադրբեջանը շարունակելու է առաջ գալ և ՀՀ նոր տարածքներ պոկել։
Պատգամավորի համոզմամբ՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, չի անում իր տգիտության արդյունքում, այլ բոլոր գործողությունները կատարում է ծրագրավորած՝ երկիրը տանելով կործանման։
«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով․ նա քանդեց եկեղեցու հանդեպ մեր վերաբերմունքը, տրորեց մեր հայրենիքի հերոսների արժևորումը, քանդեց մեր կրթության, առողջապահության ոլորտներն ու բանակը։ Յուրաքանչյուր ինստիտուտ քանդելով՝ երկիրը հասցրեց այս վիճակին»,- շեշտեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։
Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմամբ` թեև ժողովուրդն ամիսներ առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններում բարձր քվե տվեց գործող իշխանությանը, սակայն, վերջերս, ըստ նրա, հասարակությունը հիասթափվել է իշխանություններից։ Որպես օրինակ՝ պատգամավորը ՏԻՄ ընտրությունների արդյունքներն է մատնացույց անում։
«Ես հասարակության մեջ արդեն տեսնում եմ այս իշխանություններից ազատվելու պահանջարկ, թեև ասում են, որ որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններում հաղթել են։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ միայն Իջևանում՝ Փաշինյանի հարազատ քաղաքում, մոտ 2000 քվեով իշխանության ձայները պակասել են։ Արտահերթ ընտրությունների համեմատ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձայները 40 տոկոսով նվազել են։ Հաջորդ ընտրություններին ՔՊ-ն ավելի քիչ ձայն է ստանալու»,- նկատեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։