Չինաստանը ողջունում է Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերը, որոնք բխում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման շահերից։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Սոչիում։
TACC-ի փոխանցմամբ՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։
«Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ կողմերն ընդառաջ կգնան միմյանց, տարաձայնությունները կկարգավորեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով, ինչի շնորհիվ միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին։ Հայտարարությամբ ընդգծվել է սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին։