Ադրբեջանցիները Մ2 մայրուղու վրա կառուցված բենզալցակայանում մատչելի գնով են վաճառելու վառելիքը։ Եթե հայկական կողմն էլ չարգելի իրանցի վարորդների մուտքը մայրուղի, ապա պարսիկները կարող են թեքվել ադրբեջանական կողմ, էժան վառելիքով լիցքավորել մեքենան, հետո մտնել մեր տարածք։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։
«Գիտենք որ Իրանում վառելիքը էժան է և նրանց թաքստոցների մեջ պահում են վառելիք, որը իրենց հետ բերում են, իսկ մեր մաքսային աշխատողները տեսնում ու ստիպում են թափել։ Այդ դեպքում իրանցի վարորդները կարող են թեքվել այդ կողմ, որպեսզի էժան գնով գնեն ադրբեջանական վառելիքը։ Իրանցի վարորդների համար Մ2 մայրուղին գրավիչ է նրա համար, որ այն ծանրաբեռնված չէ և ավելի լայն է, իսկ երկրորդ գրավչությունը նրանում է, որ ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք»,- նշեց պատգամավորը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ Գորիս- Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհին մշտապես խցանումներ են, ճանապարհի այդ հատվածն ավտոմեքենաներն անցնում են 2-3 ժամում։
Վահե Հակոբյանը տեղեկություն չունի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման լուրերի առնչությամբ:
Պատգամավորը ենթադրում է, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանցիները պարզապես քողարկվել են ամրաշինական կառույցներում, իսկ իրականում հետ քաշվելու մտադրություն չեն կարող ունենալ՝ ելնելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից։
«Համոզված եմ՝ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել, շարունակում են մնալ իրենց դիրքերում։ Ինչի՞ դիմաց պետք է հետ քաշվեին․ մեր Պաշտպանության նախարարությունի՞ց վախեցան՝ անհասկանալի կադրային փոփոխություններով»,- կարծիք հայտնեց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Սիսիան խոշորացված համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրել էլ, որ հովիվների փոխանցմամբ՝ ադրբեջանցիները հետ են քաշվել։