Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին կհանդիպեն Շվեդիայում։
Այս մասին չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լյուկ Դևինը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրավիրված են դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի շրջանակներում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ կունենա նրանց հետ:
«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կարելի է ընդգծել, որ միջազգային ճանաչված սահմանին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղում լուրջ միջադեպերը մտահոգիչ են»,- ասել է Դևինը։
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն համապատասխան կերպով է արձագանքել՝ բախումների հաջորդ օրը խոսելով երկու երկրների առաջնորդների հետ և կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները: