Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,- նշել են գրասենյակից:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Armenia Today-ի հետ զրույցում փոխվարչապետի գրասենյակից երեկ հայտնել էին նաև, որ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: Մհեր Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների վերաբերյալ երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել հանձնաժողով մինչև տարվա վերջ: