Ես ուզում եմ, որ բոլոր ակտիվ մասնակցեն ընտրություններին: Սա Վանաձորի կայուն զարգացման ընտրություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ թիմակիցներից ոմանց անգամ հանել են ցուցակներից:
Ընդգծելով, որ ճնշումների մասին ավելի ուշ կխոսի, նա նշել է.
«Մեր թիմը վախեցող չէ, իմ թիկունքին կանգնած է վանաձորցին: Ես այս պահին բացառում եմ համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ, բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսակետից, որովհետև ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս գործընթացի մեջ»:
Նա շեշտել է, որ Վանաձորն աճուրդի ու զիջելու առարկա չէ. «Զիջելու միակ տարբերակը ինձ զնդանում փակելն է, ես ոևէ մեկին զիջելու բան չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի»:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: