Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ հրապարակային հայտարարություններով փորձում է նորից շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե մեղավորը Գերասիմ Վարդանյանին խորհրդարան բերողներն են։
«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատական հնչեցրել ենք, և սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանը պատգամավորների նկատմամբ»,- նկատեց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը խորհրդարանի հեղինակությունը զրոյացնելուն ուղղված գործողություն համարեց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականնների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք։ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե քրեական գործերով անցնող Գերասիմ Վարդանյանի խորհրդարան բերողներն են մեղավոր։