«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածության հետ կապված իշխանական թիմում ոչ միանշանակ վերաբերմունք է եղել. շատերը դժգոհել են, որ նա, մեղմ ասած, այդքան էլ նախընտրելի թեկնածու չէ, և նշանակումից հետո այդ տարբերությունը նկատելի է լինելու, առավել ևս՝ Թաթոյանի հետ համեմատած»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան համոզել են, եւ ինքնակամ դիմում է գրել։ Փոխարինողն էլ է արդեն հայտնի՝ հրաման դեռ չկա, սակայն պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ավագանու ցուցակի հինգերորդ համարը՝ 27-ամյա Նաիրի Զաքարյանը, որն աշխատում էր Մեղրիի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ և տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: Խոսքը Թադադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի մասին է: Սա նշանակում է, որ երկրի թիվ մեկ ամբիոնից քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին»։
Առավել մանրամասն՝ թերթերի այսօրվա համարներում։