Այսօր «Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Նրա հետ «Armenia Today» գործակալության թղթակիցը խոսել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից, տարածաշրջանում Արևմուտքի և Մոսկվայի մրցակցության, Ռուսաստանի և Ադրբեջանի տարաձայնությունների, Մոսկվայում անցկացված «3+3» խորհրդատվական տարաշածրջանային հարթակի առաջին նիստի ու այլնի մասին:
«Կարծում եմ՝ մեծ սպասելիքներ Բրյուսելի հանդիպումից ունենալ պետք չէ: Ինչպես Հայաստանի վարչապետը ազդարարեց, հիմնական օրակարգու լինելու են մարդասիրական հարցերը: Եթե ստացվի Բրյուսելում գերիների հարցով արձանագրել որոշակի առաջընթաց, սա, թեկուզ հարաբերականորեն, արդեն կարելի է համարել հաջողված հանդիպում: Այլ քաղաքական արդյունք կամ ակնկալիք Բրյուսելի հանդիպումից, կարծում եմ, պետք չէ ունենալ, որովհետև քաղաքական առումով մենք տեսնում ենք, որ Սոչիի հանդիպումից հետո բավականին ճգնաժամային վիճակ հասունացավ։ Դրա համար մտածել, որ այս միջավայրում Բրյուսելում կարող է լինել որոշակի քաղաքական արդյունք, իհարկե, իրատեսական չէ»,- նշել է նա։
Նա այս համատեքստում խոսել է նաև Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններից բխող իրողությունների մասին։ Հակոբ Բադալյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է նաև Ալիևի վերջին հայտարարություններին՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքի» հետ։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների մանդատին ու հարցին՝ կպահանջի՞ արդյոք Բաքուն ռուս խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից, նա նշել է․ «Կարծում եմ, Ռուսաստանի խաղաղապահների հետագա ճակատագիրը Արցախում կախված է լինելու ավելի շատ այն գործընթացից, որը մենք հիմա տեսնում ենք ռուս-ամերիկյան տիրույթում: Այսինքն՝ եթե Ռուսաստանը որոշակի պայմանավորվածությունների գա ԱՄՆ-ի հետ, ապա, կարծում եմ, Արցախում խաղաղապահների մնալու ժամկետի երկարաձգման հարցը կլուծվի, եթե ոչ, ապա Ռուսաստանը կունենա խնդիրներ, դա չի նշանակում, որ դուրս կգան»։
Խոսելով Մոսկվայում անցկացված «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստի ու դրա արդյունավետության մասին, նա նշել է, որ արդյունավետության մասին խոսելը դեռ շատ վաղ է, ու մենք պետք է խոսենք՝ ինչքանով է կայուն ձևավորվելու այդ ձևաչափը:
«Այստեղ կան լրջագույն ռազմավարական շահերի բախումներ, ըստ այդմ, խոսել, որ սա մի ֆորմատ է, որն այսօր կարող է ինչ-որ արդյունավետ հեռանկարներ ուրվագծել, կարծում եմ, վաղ է»,- մասավորապես նշել է քաղաքական մեկնաբանը։
Ինչ վերաբերում է Իրանին, նրա խոսքով՝ Իրանը փորձում է հնարավորինս հեռու պահել Արևմուտքը տարածաշրջանից և դրա համար շահագրգրված է նշված ձևաչափով․
«Մյուս կողմից մենք չգիտենք՝ ինչպես կընթանան Իրանի հետ միջուկային բանակցությունները Վիեննայում: Եթե այստեղ հաջող ընթանա, ապա շատ հավանական է, որ խորքում նաև փոխվի Իրանի վերաբերմունքը տարածաշրջանային զարգացումների հանդեպ, և ի վերջո, մենք պետք է այս կովկասյան տարածաշրջանը դիտարկենք ավելի լայն համատեքստով: Իսկ լայն համատեքստով տեսնում ենք, որ եվրասիական այս միջավայրում ընդհանրապես տեղի է ունենում անվտանգային համակարգի շատ մեծ վերափոխումների գործընթաց մի քանի լոկալ ռեգիոնալ ձևաչափերում՝ Մերձավոր Արևելք, Պարսից ծոց, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսում, և «3+3»-ը մի գործընթացային դրվագ է այս ամենում»։
Մանրամասները՝ տեսանյութում։