ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ամերիկայի ձայնը։
Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին և հրեաներին, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայում գլուխ բարձրացնում հակասեմիտիզմը, հատկապես՝ համաճարակի պայմաններում: Հայերը նույնպես նույն մեղադրանքներն են ստանում, նրանց մեղադրում են COVID-19 վարակի համար»:
Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վերաբերյալ արտահերթ հայտարարության մեջ հանձնաժողովն ընդգծել է, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումներն իրականացվում են, եթե ոչ Թուրքիայի իշխանությունների ուղղակի մասնակցությամբ, ապա առնվազն չեզոք վերաբերմունքի պատճառով: Ավելին, իշխանությունները Թուրքիայում անպատիճ են թողնում կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործությունները:
Մեկնաբանելով զեկույցը՝ Փերքինզն ընդգծել է՝ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման համար առաջին հերթին պատասխանատու են երկրի իշխանությունները:
«Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել՝ Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կարևոր կրոնական և մշակությաին կարևորության վայրեր»:
Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում:
«Կարծում եմ, վերջին շրջանում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելի ուժգնանում: Եթե ավելի ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս հետագիծը բոլորովին լավ ընթացք չունի»:
Իր արտահերթ զեկույցում ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս Թուրքիան հատուկ ցուցակում ընդգրկել, քանի որ այդ երկրի իշխանությունները հանդուրժում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտումներ: