Դեկտեմբերի 14-ին կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները եղել են արդյունավետ և պրագմատիկ։ Այս մասին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բանակցությունները, որոնք տևել են շուրջ հինգ ժամ, անցել են կառուցողական մթնոլորտում։ Քննարկումները կապված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, սահմանազատման և սահմանագծման հետ, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքի, հատկապես երկաթուղու վերագործարկման հետ»,- Ալիևի խոսքը մեջբերում է TACC-ը։
Ալիևը նշել է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է կառուցողական մթնոլորտ՝ հատուկ ընդգծելով Եվրամիության դերը դրա ձևավորման գործում: Ալիևը հավելել է, որ կարևոր է բաց չթողնել այդ հնարավորությունը, և օգտագործելով այն՝ աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մեկ օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ևս մեկ եռակողմ հանդիպում: